ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հրավերով այցելել է Իջեւան՝ ծանոթանալու տեղում իրականացվող տեխնոլոգիական կրթական ծրագրերին, հաջողված նախաձեռնություններին եւ ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությանը։
Նախարարի առաջին կանգառը «ԻննոԻջեւան» հանգույցն է եղել, որտեղ մի շարք տեխնոլոգիական կրթական ծրագրեր արդեն կյանքի են կոչվել։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել հանգույցում, ծանոթացել հնարավորություններին եւ կարեւորել մարզերում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրումը եւ իրականացումը։
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը, որը քառամյա կրթությամբ տեխնոլոգիական ուսումնարան է՝ նախատեսված 9-րդ դասարանը ավարտած աշակերտների համար։
ԱՏՁՄ կրթական հիմնադրամի տնօրեն Վահե Խաչատրյանը նախարարին ներկայացրել է դպրոցի առանձնահատկությունները՝ նշելով, որ առաջին կուրսի ուսանողները հիմնականում սովորում են դպրոցական՝ 10-12-րդ դասարանների ծրագրով, իսկ հետագա տարիներին անցնում են գործնական աշխատանքի եւ ավարտում ուսումը 2-3 տարվա մասնագիտական փորձով։
Սաները հիմնականում ընտրում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, կառավարման համակարգեր, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն եւ այլն։ Վահե Խաչատրյանը շեշտել է, որ «Իրական դպրոցը» իր սաներին առաջարկում է աշխատաշուկա մուտք գործելու արդյունավետ ճանապարհ՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող՝ ըստ ընտրած ուղղության։
Հաջորդ կանգառը եղել է Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը, որտեղ նախարարը զրուցել է սաների հետ, լսել նրանց գաղափարներն ու նախագծերը։ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է այս կրթական ծրագրի բացառիկությունը՝ ընդգծելով այն մարզերում տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանման եւ զարգացման տեսանկյունից։
Այնուհետեւ նախարարն այցելել է միկրոէլեկտրոնիկա նախագծող եւ մշակող Microchip Technology ընկերության Իջեւանի մասնաճյուղ։ Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է մասնաճյուղի տարածքով, ծանոթացել աշխատակիցների հետ, մասնաճյուղի գործունեության առանձնահատկություններին։
Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ Microchip Technology-ի նման ընկերության ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։
Անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարեւորությանը։ Քննարկվել եւ պարզաբանվել են նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման, նոր ծրագրերի ընձեռած հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։