Երեւանի պետական համալսարանը մայիսի 15-ին եւ 16-ին անցկացրել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը, որի ընթացքում որպես «լավագույն ԵՊՀ շրջանավարտ» «Տիեզերք եւ տեխնոլոգիաներ» անվանակարգում մրցանակ է շնորհել Krisp ընկերությանը, որի հիմնադիրները ԵՊՀ շրջանավարտներ են։

«Պատիվ ունեի Krisp-ի անունից ընդունել մրցանակը ԵՊՀ ռեկտորից։ Այս մրցանակը Krisp-ի ամբողջ թիմի քրտնաջան, խելացի եւ նորարար աշխատանքի արդյունքն է։ Մրցանակը բաղկացած է երկու մասից՝ հատուկ ժամացույց՝ «YSU» փորագրությամբ, եւ հավաստագիր։ Պետք է նշեմ, որ Krisp-ի երկու հիմնադիրներս, Արտավազդ Մինասյանը եւ ես ԵՊՀ շրջանավարտներ ենք։ Ավելին, Krisp Հայաստան թիմի 39%-ը ԵՊՀ շրջանավարտներ են»,- գրել է Krisp-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը։

ԵՊՀ շրջանավարտների ֆորումը նոր հարթակ է՝ վերաիմաստավորելու համալսարանի արժեքները, միավորելու տարբեր սերունդների շրջանավարտներին եւ ձեւավորելու նոր հեռանկարներ կրթության, գիտության եւ հասարակական կյանքի համար։