ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկատվական հանդիպում է անցկացրել տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող եւ ոլորտով հետաքրքրված մասնագետների եւ հայրենադարձների հետ:

Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ եւ հարկային արտոնություններ են առաջարկվում ՏՏ ընկերություններին:

Միջոցառման ընթացքում բարձր տեխնոլոգիաների վարչության գլխավոր մասնագետ Մոնիկա Մաթեւոսյանը ներկայացրել է նախարարության սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների «Ներուժ 6.0» եւ «Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագրերը, դրանց մասնակցության պայմանները եւ նախատեսված միջոցառումները:

Հանդիպմանը ներկա են գտնվել եւ իրենց հաջողության պատմություններով կիսվել նախորդ տարիների ծրագրերի շահառուները:

Այնուհետեւ բարձր տեխնոլոգիաների վարչության փորձագետ Լուսինե Թովմասյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրերը, որոնք տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն են տալիս ստանալու պետական աջակցություն նոր աշխատակիցներ, աշխատանքային միգրանտներ ներգրավելու եւ աշխատողների վերապատրաստումների համար:

Ներկաներին ներկայացվել է նաեւ ոլորտի հարկային արտոնությունները, որոնք կարող են տրամադրվել գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ իրականացնող կազմակերպություններին:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացված ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: