Հրապարակվել է «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» 2025-ի զեկույցը, որում Հայաստանը 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 54-րդ տեղը։

Հայաստանն արձանագրել է 22.8% տարեկան աճ ստարտափ էկոհամակարգում։ Այն առաջինն է Կենտրոնական Ասիայում եւ մտնում է աշխարհի լավագույն 40 երկրների թվում «Ծրագրային ապահովում եւ տվյալներ» ոլորտում։

Ամենաուշագրավ փաստերը.

•    Երեւանը 19 հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 181-րդ տեղը գլոբալ մակարդակում, դառնալով ամենաարագ զարգացող քաղաքը տարածաշրջանում։
•    Էկոհամակարգը սնուցվում է հանրային եւ մասնավոր հատվածների ամուր համագործակցությամբ։
•    Հայաստանը 2 պաշտոնական unicorn-ի հայրենիք է՝ Picsart եւ ServiceTitan։
•    NVIDIA, Synopsys եւ AMD տեխնոլոգիական հսկաներն ունեն խոշոր R&D կենտրոններ Հայաստանում։
•    Գործում է զարգացած էկոհամակարգ՝ ներառյալ 4 ակտիվ բիզնես հրեշտակների ցանց եւ 5 վաղ փուլում ներդրումներ կատարող վենչուրային ֆոնդ։

Առաջին եռյակն այս տարի նույնպես գլխավորում են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը եւ Իսրայելը։ Հարեւան երկրներից Վրաստանը 71-րդն է, Թուրքիան՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 74-րդը։

Հայաստանի վերաբերյալ զեկույցը մշակվել է STAN հարթակի հետ համագործակցությամբ։ Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։