Մայիսի 25-ին Երեւանում կայացել է FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որը կազմակերպվել էր «ArmDrone համայնք» հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։

Մրցարշավն ունեցել է ավելի քան 40 մասնակից՝ 11-ից 60 տարեկան, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը։ Մասնակիցների թվում կային ինչպես սկսնակ, այնպես էլ մասնագիտական մեծ փորձ ունեցող օպերատորներ, որոնք արդեն հանդես են եկել տարբեր միջազգային մրցարշավերում։

Մրցարշավը ներառում էր երեք անվանակարգ՝ նախատեսված սկսնակների, միջին մակարդակի եւ պրոֆեսիոնալ օպերատորների համար։

Ամենամյա մրցարշավի նպատակն է խթանել FPV Drone Racing սպորտաձեւի զարգացումը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ, նպաստել տեխնոլոգիական կրթությանը, երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաեւ ձեւավորել համագործակցության հարթակ ոլորտի մասնագետների միջեւ։

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում ակտիվորեն աջակցում է տարբեր նախագծերի, որոնք ուղղված են Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդները նման նախաձեռնություններով են հանդես գալիս ու առավել եւս, միջազգային կապեր են ստեղծում Հայաստանի համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարի մասնակցությունը գրեթե եռապատկվեց, եւ մենք մեծ հնարավորություն ստացանք առաջին անգամ նախընտրական փուլ անցկացնել՝ ընդգրկելով նոր երկրներից բազմաթիվ առաջատար թիմերի եւ մասնակիցների։ Այս աճն ապացուցում է՝ FPV Drone Racing սպորտաձեւը հայտնվել է տարածաշրջանի եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում», - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավի արդյունքներով սկսնակների, միջին մակարդակի եւ պրոֆեսիոնալ օպերատորների համապատասխանաբար հաղթողներ են ճանաչվել՝ սկսնակներից  Լեւոն Կարապետյանը (1-ին տեղ), Սարգիս Մկրտչյանը (2-րդ տեղ), Վահագն Հովհաննիսյանը (3-րդ տեղ), միջին փորձառության օպերատորներից Գեւորգ Գաբրիելյանը (1-ին տեղ), Սեդրակ Խաչատրյանը (2-րդ տեղ) եւ Դավիթ Դավթյան (3-րդ տեղ), պրոֆեսիոնալներից Դանիիլ Տոլստոուխովը (1-ին տեղ), Դիմա Սվետլովը (2-րդ տեղ), Եվգենի Ստաշկեւիչը (3-րդ տեղ)։

Ucom-ի հատուկ մրցանակը՝ որպես մրցարշավի գլխավոր հովանավոր հանձնել է Ռալֆ Յիրիկյանը Ռոբերտ Մուղդուսյանին։

Հայաստանից լավագույն մասնակիցները առաջիկայում հնարավորություն կունենան ներկայացնելու մեր երկիրը Վրաստանում կայանալիք միջազգային մրցարշավում։