Ավարտվել է «Viva University»-ի հերթական փուլը․երկու ամիս տեւած ծրագրի արդյունքում 27 ուսանող ստացել է պրակտիկ գիտելիքներ եւ հմտություններ սպասարկման տարբեր կենտրոններում, այդ թվում նաեւ՝ մարզային: 

Ուսանողները հնարավորություն են ունեցել բացահայտել «գործատու-աշխատակից» եւ «ընկերություն-հաճախորդ» մոդելները, հստակ պատկերացում կազմել կորպորատիվ մշակույթի եւ առաջատար ընկերության բիզնես կառավարման մոդելի առանձնահատկությունների ու առավելությունների մասին:  

Արդեն տասը տարի Viva-ն ինքնաբացահայտման եւ զարգացման հնարավորություն է տալիս ուսանողներին՝ կարեւոր ներդրում կատարելով նրանց մասնագիտացման եւ աշխատաշուկայում ինտեգրման հարցում: Տարիների պատասխանատու եւ ճկուն մոտեցման շնորհիվ «Viva University» ծրագիրը կարեւոր արդյունք է ապահովում երկրի, երիտասարդության ու բիզնեսի համար:

«Viva University»-ի շրջանավարտներին ողջունել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Այսօր կարեւոր օր է ձեզ համար: Դուք մասնակցել եք մի ծրագրի, որն էական ազդեցություն է թողնելու ձեր հետագա մասնագիտական կողմնորոշման վրա: Ձեզնից շատերը վստահաբար զգացին, որ սա մի կազմակերպություն է, որը զբաղվում է ոչ միայն հեռահաղորդակցության հարցերով, այլեւ այնպիսի նախագծերով, որոնց հիմքում թվային հարթակն է եւ երկրի թվային ապագան: Քսանամյա մեր ճանապարհին եղել են կարեւոր ձեռքբերումներ ու նաեւ սխալներ: Դուք այդ անգնահատելի փորձառությունը կարճ ժամանակում ուսումնասիրելու եւ դրանով իսկ նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն եք ստացել: Կարողացել եք տեսնել ընկերության գործունեության ամբողջ շղթան եւ հասկանալ, որ Viva-ն բազմապրոֆիլ ընկերություն է: Ուրախ եմ տեղեկացնել, որ ձեզնից մի քանիսն ընտրվել են աշխատելու մեզ մոտ: Վստահաբար կարող եմ ասել, որ այն փորձը, որը ձեռք եք բերել այստեղ, կարեւոր է եւ որեւէ տեղ դիմելիս մրցակցային առավելություն է տալու ձեզ», - ասել է Արմեն Ավետիսյանը:

Ընկերության՝ տարիների փորձ ունեցող մասնագետների օգնությամբ ծրագրի մասնակիցները դասընթացների ու սպասարկման կենտրոններում գործնական ակտիվ շփումների շնորհիվ ծանոթացել են գործընկերային հաղորդակցման հմտություններին, բացահայտել միջանձնային հարաբերությունների եւ թիմային աշխատանքի կարեւորությունը:

«Viva University»-ի հերթական փուլին մասնակցել են ուսանողներ մայրաքաղաքից եւ 7 մարզից (Կոտայք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Տավուշ, Լոռի, Արագածոտն): Մասնակիցներից 6-ն արդեն համալրել է ընկերության աշխատակիցների շարքերը։ Տասը տարվա ընթացքում նախագծի շրջանավարտներից 117-ը համալրել է Viva-ի աշխատակիցների շարքերը: