Չինաստանում կայացել է Robo League ռոբոտների ֆուտբոլային մրցաշար. մրցույթի առանձնահատկությունը ռոբոտների լիակատար անկախությունն էր՝ նրանք չէին կառավարվում մարդկանց կողմից, գրում է Global Times-ը։
Յուրաքանչյուր թիմ ուներ երեք ռոբոտ, խաղերը բաղկացած էին տասը րոպեանոց երկու խաղակեսից՝ կարճատեւ ընդմիջումով։ Եզրափակչում Ցինհուա համալսարանի THU Robotics թիմը 5:3 հաշվով հաղթել է Չինաստանի գյուղատնտեսական համալսարանի Mountain Sea-ին։
Կազմակերպիչները նշել են, որ ռոբոտների խաղի մակարդակը համապատասխանում էր հինգ կամ վեց տարեկան երեխաների հմտություններին։ Նրանք, սակայն, վստահ են, որ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ սարքերը առաջիկա տարիներին կցուցադրեն ավելի բարդ եւ տեխնիկական խաղ։