Հայաստանյան DeepSat ստարտափը, որը մասնագիտացած է տիեզերական հետազոտությունների ոլորտում, իր առաջին ցանցային արբանյակը տիեզերք ուղարկելու նպատակով կհամագործակցի Redwire Corporation ընկերության հետ։

DeepSat-ն ընտրել է $2.48 միլիարդ արժողությամբ ավիատիեզերական տեխնոլոգիական Redwire ընկերության արհեստական բանականությամբ կառավարվող թվային նախագծման համակարգերը՝ շատ ցածր Երկրի ուղեծրում (VLEO) նախնական առաքելության համար:

Այս համագործակցությունն DeepSat-ի առաջին քայլն է՝ VLEO համաստեղություն արձակելու ուղղությամբ, որն ունի հաճախակի կրկնվող դիտարկումների եւ ուղեծրում տեղակայված ԱԲ-ի հնարավորություն՝ սենսորային տվյալների խորքային ինտեգրման համար։

Այս պլատֆորմը հնարավորություն է տալիս ստեղծել ամուր, իրական ժամանակում գործող ԱԲ-ով զինված երկրային հետախուզական համակարգ՝ կիրառելով այն քաղաքացիական, առեւտրային եւ պաշտպանական ոլորտներում. օրինակ՝ նավերի հայտնաբերման, էներգետիկ ենթակառուցվածքների մոնիտորինգի եւ բնական աղետների հետևանքների գնահատման առաքելություններում։

«Այս համագործակցությունը արագացնում է մեր՝ իրական ժամանակում Երկրի վերաբերյալ նոր մակարդակի հետախուզական լուծումներ տրամադրելու կարողությունը՝ հիմնված ապացուցված թվային ինժեներական փորձի վրա։ Redwire-ի կարողությունները նվազեցնում են ներդրողների ռիսկերը, կրճատում են շուկա դուրս գալու ժամանակը եւ ապահովում արագ ընդլայնում», - նշել է DeepSat-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը: