Team Telecom Armenia-ն եւ imID-ն ներկայացնում են նոր հնարավորություն, որը բաժանորդների սպասարկումը դարձնում է էլ ավելի արագ ու հարմար։ 

Այսուհետ Team-ի այն բաժանորդները, որոնք ունեն Mobile ID, կարող են դիմել զանգերի կենտրոն՝ 100 համարով եւ նույնականացումն անցնել մուտքագրելով Mobile ID-ի իրենց գաղտնաբառը։ Դա նշանակում է, որ այլեւս անհրաժեշտ չէ հեռախոսազանգի ընթացքում փոխանցել անձնագրային կամ այլ տվյալներ․ նույնականացումը տեղի է ունենում մի քանի վայրկյանում՝ ապահովելով ոչ միայն ժամանակի խնայողություն, այլեւ՝ տվյալների առավելագույն պաշտպանություն։

Ծրագրային ապահովումն ամբողջությամբ իրականացրել է Team ընկերությունների խմբի Team Solutions ընկերությունը Հայաստանում թվային ինքնության եւ վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության հետ համատեղ՝ նորարարական այս լուծումն ինտեգրելով զանգերի կենտրոնի լուծմանը:

«Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր բաժանորդի փորձը Team-ում լինի հնարավորինս հարմարավետ եւ վստահելի։ Նոր գործառույթի շնորհիվ մենք կարողանում ենք հաճախորդներին առաջարկել արագ սպասարկում՝ առանց անձնական տվյալների վերաբերյալ հավելյալ հարցումների։ Նույնականացումը կատարվում է imID-ի միջոցով, ինչը երաշխավորում է ոչ միայն արագ սպասարկում, այլեւ բաժանորդների անձնական տվյալների լիարժեք պաշտպանություն։ Սա խնայում է մեր բաժանորդների ժամանակը եւ բարձրացնում է սպասարկման արդյունավետությունը»,-նշել է Team Telecom Armenia-ի հաճախորդների սպասարկման տնօրեն Լիլիթ Առուշանյանը։

Այս նախագիծը եւս մեկ քայլ է ընկերության շարունակական ռազմավարության մեջ՝ նորարարական եւ ապահով լուծումների միջոցով բարձրացնելու բաժանորդների հարմարավետությունն ու վստահությունը սպասարկման գործընթացում։