Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ ծանոթանալու հիմնադրամի անտառապահների աշխատանքին։
Ucom-ը FPWC-ի գործընկերն է եւ աջակցում է հիմնադրամին տեխնոլոգիական լուծումներով։ Ապաստարանում տեղակայված թակարդ-տեսախցիկները եւ արագ ինտերնետ կապը, որը տրամադրել է Ucom-ը, թույլ են տալիս անտառապահներին ավելի արդյունավետ վերահսկել ապօրինի որսի դեպքերը, մշտադիտարկել կենսաբազմազանությունը եւ կանխարգելել կամ արագ արձագանքել հրդեհներին։ Բացի այդ, Ucom-ը FPWC-ին տրամադրել է երկու ամենագնաց մեքենա, որոնք ապահովում են անտառապահների շարժունակությունը դժվարանցանելի տարածքներում։
Ucom-ի տնօրենը շրջայց է կատարել նաեւ Հովազաձորում՝ ուսումնասիրելու տարածքի եզակի բնությունը եւ գործնականում տեսնելու, թե ինչպես է տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը փոխում անտառապահների աշխատանքային առօրյան՝ դարձնելով այն ավելի արդյունավետ եւ ապահով։
«Բնության պահպանությունը մեր բոլորի պարտականությունն է, եւ Ucom-ում մենք գոհ ենք, որ կարողանում ենք նպաստել այս կարեւոր գործունեությանը։ Տեխնոլոգիական աջակցության շնորհիվ մեր երկրի բնական ժառանգությունն ավելի պաշտպանված կլինի։ Սա ոչ միայն գործարար պատասխանատվություն է, այլեւ ապագա սերունդների նկատմամբ մեր պարտավորությունը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեր անտառապահների ամենօրյա աշխատանքը հաճախ անտեսանելի է, սակայն նրանց շնորհիվ կենդանական ու բուսական աշխարհը շարունակում է պահպանվել։ Ucom-ի աջակցությունը ոչ միայն նյութական ռեսուրս է, այլեւ վստահության ու համատեղ պատասխանատվության ուղերձ։ Առանց այսպիսի գործընկերների դժվար կլիներ իրականացնել մեր առաքելությունը, քանի որ բնության պահպանությունը համընդհանուր գործ է», - ասել է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Տեխնոլոգիական եւ բնապահպանական կազմակերպությունների համագործակցությունը փաստում է, որ տեխնոլոգիաների ամենօրյա զարգացումը մեծ նշանակություն կարող է ունենալ էկոլոգիական անվտանգության ապահովման եւ կենսաբազմազանության պահպանման գործում։ Այս համագործակցությունը կլինի շարունակական՝ ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ամբողջ տարածքում նման տեխնոլոգիական լուծումներով արդյունավետ մշտադիտարկումը։