OpenAI-ը ներկայացրել է Pulse նոր գործառույթը ChatGPT-ում, որը թույլ է տալիս չատբոտին ինքնուրույն իրականացնել հետազոտություններ եւ առաջարկել թեմատիկ քարտեր՝ հիմնված օգտատիրոջ զրույցների վրա։
Նորությունը ներկայում հասանելի է նախադիտման տարբերակով եւ միայն Pro բաժանորդագրություն ունեցողներին: Ընկերությունը նշում է, որ ChatGPT-ն կկարողանա «պրոակտիվորեն» առաջարկել անհատականացված թեմաներ՝ զրույցներից ստացված տվյալների հիման վրա։ Տեղեկատվությունը օգտատերերին կցուցադրվի քարտերի տեսքով։
Հնարավոր է միացնել Gmail եւ Google Calendar, որպեսզի բոտը հաշվի առնի լրացուցիչ կոնտեքստը։ Օրինակ՝ հիշեցնի նվեր գնել կամ առաջարկի ռեստորաններ առաջիկա ճամփորդության համար։
Օգտատերերը նաեւ կարող են նշել թեմաները, որոնց վերաբերյալ ցանկանում են ստանալ ուսումնասիրություններ։ Քարտերը հնարավոր է գնահատել, եւ այդպիսով Pulse-ը ժամանակի ընթացքում կդառնա ավելի անհատականացված։
OpenAI-ն ընդգծել է, որ Pulse-ի ցուցադրած թեմաները վերահսկվում են, որպեսզի օգտատերերը չտեսնեն կանոնները խախտող բովանդակություն։ Միեւնույն ժամանակ, ընկերությունը նախազգուշացնում է, որ նախադիտման տարբերակում գործառույթը կարող է աշխատել ոչ այնքան ճշգրիտ եւ երբեմն կարող է տրամադրել անհամապատասխան խորհուրդներ։
Ընկերության խոսքով՝ շուտով հնարավոր կլինի Pulse-ին միացնել ավելի շատ հավելվածներ։