ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է TikTok-ի գործարքի հրամանագիրը, որի ստորագրմանը չեն մասնակցել ByteDance-ի ներկայացուցիչները: 

CNBC-ի տվյալներով՝ գործարքի շրջանակում սոցիալական ցանցը գնահատվել է 14 միլիարդ դոլար։ Ըստ պայմանավորվածության՝ չինական ByteDance ընկերությունը պետք է վաճառի TikTok-ի ամերիկյան ստորաբաժանումը։

Գլխավոր ներդրողներ են դառնալու Oracle, Silver Lake եւ MGX ներդրումային ֆոնդը: Նրանք կհսկեն ընկերության մոտ 45% բաժնետոմսերը։ ByteDance-ի ամերիկացի ներդրողների մոտ կմնա եւս 35%, իսկ մնացածը կպատկանի հենց ByteDance-ին։

WSJ-ը դեռ սեպտեմբերի կեսին գրում էր, որ 80% բաժնետոմսերը կփոխանցվեն Oracle-ին, Silver Lake-ին եւ Andreessen Horowitz-ին, իսկ մնացած 20%-ը կպատկանեն չնշված «չինացի բաժնետերերին»։

Oracle-ը նաեւ պատասխանատու կլինի ԱՄՆ-ում TikTok-ի օգտատերերի տվյալների անվտանգության համար եւ կտրամադրի ծառայության աշխատանքի համար անհրաժեշտ ամպային ենթակառուցվածքը։

2024թ. ապրիլին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր TikTok-ի հարկադիր վաճառքի կամ արգելքի մասին օրենք։ Դոնալդ Թրամփը 2025թ. հունվարին հրամանագրով 75 օրով հետաձգեց արգելքը, իսկ ապրիլին այն երկարաձգեց եւս 75 օրով։ Հունիսին Թրամփը երրորդ անգամ հետաձգեց TikTok-ի արգելքը ԱՄՆ-ում՝ 90 օրով՝ մինչեւ 2025թ. սեպտեմբերի 17-ը։

2025թ. հուլիսին ՄՄԻ-ները հայտնում էին, որ TikTok-ի ամերիկյան ստորաբաժանման սեփականատերը կարող է դառնալ ոչ չինացի ներդրողների խումբը՝ Oracle-ի գլխավորությամբ, իսկ ByteDance-ը կպահպանի փոքրամասնական փաթեթը։ Նույն ժամանակ հայտնի դարձավ ԱՄՆ շուկայում առանձին TikTok հավելված գործարկելու մասին ծրագրերի մասին։

Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց, որ Մադրիդում կայացած բանակցությունների արդյունքում կողմերը հասել են «շրջանակային» համաձայնության։ Դրանից հետո Թրամփը չորրորդ անգամ հետաձգեց TikTok-ի արգելքը՝ մինչեւ 2025թ. դեկտեմբերի 16-ը։