ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Meta ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման ուղիները:

Քննարկման առանցքում են եղել արհեստական բանականության տեխնոլոգիաների ներուժը՝ հասարակության եւ տնտեսության զարգացման համար, ինչպես նաեւ երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ իրազեկման ծրագրերի կարեւորությունը։

Կողմերն ընդգծել են թվային էկոհամակարգում ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու նպատակով պարբերական քննարկումների կարեւորությունը՝ սահմանելով գործնական քայլեր առցանց հարթակներում դիմադրողականությունն ու վստահությունը բարձրացնելու համար։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառումը՝ տնտեսության զարգացման նպատակով, մասնավորապես, տեղական նորարարության եւ բիզնեսի խթանման հնարավորությունների դիտարկմամբ, ինչպես նաեւ երեխաների անվտանգությունն առցանց միջավայրում՝ ընդգծելով նրանց եւ ծնողների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Մխիթար Հայրապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու կառուցողական փոխգործակցությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ՝ ընդգծելով նման համագործակցությունների կարեւորությունը երկրի համապարփակ թվային վերափոխման ռազմավարության շրջանակում:

Meta-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, հաստատել են շարունակական երկխոսության եւ փորձի փոխանակման պատրաստակամությունը՝ աջակցելով Հայաստանի թվային առաջընթացին եւ ԱԲ էկոհամակարգի զարգացմանը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մշակել հետագա քայլերը՝ ուղղված Հայաստանի թվային միջավայրի ամրապնդմանն ու ավելի անվտանգ եւ նորարարական առցանց միջավայրի ձեւավորմանը: