11:12 | 09.10.25 | Նորություններ | 5150
Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արենի համայնքի Ագարակաձոր, Արենի, Մոզրով, Ռինդ եւ Չիվա բնակավայրերում մեղվապահներին տրամադրել է արեւային էլեկտրական ցանկապատներ՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։
Վայոց ձորում վերջին տարիներին վայրի կենդանիների կենսամիջավայրը փոփոխվել է, ինչի հետեւանքով արջերը սնունդ հայթայթելու նպատակով երբեմն մտնում են համայնքների տարածքներ, վնասում մեղվափեթակներ, մրգատու այգիներ եւ գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Նշված համայնքներում մեղուների փեթակները պարբերաբար ամբողջությամբ ոչնչացվել են։
«Ucom-ում մենք կարեւորում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հայաստանի կանաչ ապագային եւ կենսաբազմազանության պահպանությանը։ Տեխնոլոգիական եւ բնապահպանական լուծումների համադրությամբ մենք ձգտում ենք ապահովել երկարաժամկետ կայուն արդյունքներ՝ նպաստելով շրջակա միջավայրի երկարաժամկետ պահպանությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս էլեկտրական ցանկապատները պաշտպանում են մեղվապահներին վնասներից՝ միաժամանակ հնարավորություն տալով արջերին անվնաս վերադառնալ իրենց բնական միջավայր։ Այսպիսի նախագծերը մեզ ավելի են մոտեցնում մարդու եւ բնության ներդաշնակ համակեցության մեր վերջնական նպատակին», - ասել է FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Արեւային էլեկտրական ցանկապատները համարվում են ժամանակակից եւ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծում։ Կենդանու դիպչելու դեպքում այն արձակում է թույլ էլեկտրական ազդակ, որը կանխում է հետագա մոտեցումը՝ առանց վնաս պատճառելու։ Էլեկտրական ցանկապատների՝ «հովիվների» տեղադրումը դիտվում է կարճաժամկետ գործնական լուծում՝ քանի դեռ զուգահեռաբար շարունակվում են երկարաժամկետ ծրագրերը։
Դրանցից մեկն էլ գործընկերների կողմից շարունակաբար տնկվող հազարավոր ծառերն են, որոնք անտառ ձեւավորելով վայրի կենդանիների համար բնական սննդի բավարար աղբյուր կդառնան։ Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության, թունաքիմիկատների եւ կենսավայրերի նվազման հետեւանքով կտրուկ պակասել է նաեւ մեղուների թիվը՝ ինչը լուրջ վտանգ է ստեղծում գյուղատնտեսության եւ բնության հավասարակշռության համար։
Ucom-ի եւ FPWC-ի համատեղ այս ծրագիրը միտված է համայնքների ենթակառուցվածքների բարելավմանը եւ Հայաստանի կենսաբազմազանության երկարաժամկետ կայուն պահպանությանը։