14:32 | 13.10.25 | Նորություններ | 249
Team Solutions-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի եւս մասնակցել է «ԴիջիԹեք»-ին ու ներկայացրել իր գլխավոր պրոդուկտ «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը։
«Զանգեզորը» այսուհետ հնարավորություն է տալիս մեկ հարթակի միջոցով սպասարկել հաճախորդներից ստացված զանգերը, էլեկտրոնային նամակներն ու սոցիալական հարթակներից ստացված հաղորդագրությունները, ինչը ավելի արդյունավետ է դարձնում սպասարկման գործընթացը:
«Մեզ համար այս տարին եւս հոբելյանական է, քանի որ մեկ ամսից նշելու ենք մեր գործունեության 5 տարին։ Այս տարիների ընթացքում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա եւ մշտապես կատարելագործելով մեր աշխատանքը, կարողացել ենք «Զանգեզորը» վերածել լիարժեք «օմնի-չանել» հարթակի՝ միավորելով զանգերը, էլեկտրոնային նամակները եւ սոցիալական մեդիայի հաղորդագրությունները: Համակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս «Զանգեզորը» հարմարեցնել ցանկացած ոլորտի ընկերության բիզնես գործընթացներին»,- նշել է Team Solutions ընկերության տնօրեն Տաթեւիկ Ավագյանը։
Պրոդուկտը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային կոնտակտային կենտրոնների լավագույն փորձը, ապահովում է այլ համակարգերի հետ ճկուն ինտեգրման հնարավորություն, ինչպես նաեւ ներառում է նորարարական լուծումներ, ինչպիսիք են AI-ով ղեկավարվող՝ խոսքից տեքստ եւ տեքստից խոսք վերափոխման գործառույթները։
Այսօր «Զանգեզորը» հաջողությամբ ներդրված է մի շարք մասնավոր ընկերություններում, բանկերում եւ պետական կառույցներում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում՝ բարելավելով հաճախորդների եւ քաղաքացիների սպասարկման որակը։