11:42 | 21.10.25 | Նորություններ | 3066
Երեւանում կայացել է «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որտեղ Ucom-ը հանդես է եկել որպես պլատինե գործընկեր՝ միավորելով արհեստական բանականության եւ նորագույն տեխնոլոգիաների միջազգային ու տեղական առաջատար փորձագետներին։
Ապագայի լուծումներ ստեղծող մասնագետները քննարկել են, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձեւավորում նորարարությունները, ինչու է մարդկային գործոնը շարունակում մնալ առանցքային՝ անգամ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալներն ու AI համակարգերը բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում եւ ոլորտին վերաբերող այլ հարցեր։
Գագաթնաժողովի առանցքային իրադարձությունը դարձել է Ucom-ի եւ Nokia-ի միջեւ «Ինքնավար ցանցերը եւ արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները։
Հուշագրով կողմերը հանձն են առել համատեղ ուսումնասիրել եւ զարգացնել հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետությունը, իրականացնել արհեստական բանականության կիրառման փորձարկումներ եւ ներդնել ձեռք բերված փորձը 6G ստանդարտների մշակման գործընթացում՝ 3GPP շրջանակում։
Ucom-ի աջակցությամբ, գագաթնաժողովին՝ որպես հատուկ հյուր մասնակցել է նաեւ Nokia-ի Կենտրոնական եւ Հարավային Եվրոպայում շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը` ելույթ ունենալով «6G-ն եւ արհեստական բանականությունը ապագայի ցանցերում» թեմայով։
Միջոցառման ձեւաչափը ներառել նաեւ B2B եւ անհատական հանդիպումներ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին ձեւավորել համագործակցության նոր հարթակներ։
«6G տեխնոլոգիան եւ արհեստական բանականությունը բացում են նոր դարաշրջան՝ հեռահաղորդակցության ոլորտի համար։ Այս Հուշագիրը մեր եւ Nokia-ի համար ոչ միայն տեխնոլոգիական համագործակցության փաստաթուղթ է, այլեւ համատեղ տեսլական՝ ստեղծելու ապագայի կապի էկոհամակարգը, որտեղ նորարարությունը կծառայի բաժանորդների փորձառությունն առավելագույնս արդյունավետ եւ հարմարավետ դարձնելուն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Գագաթնաժողովը միավորել էր տեխնոլոգիական առաջատարներին, պետական կառույցներին, միջազգային գործընկերներին, մասնավոր հատվածին եւ կրթական հաստատություններին մեկ ընդհանուր նպատակով՝ տեխնոլոգիաները հասանելի դարձնել յուրաքանչյուր համայնքի, դպրոցի եւ երիտասարդի համար», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաեւ Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։
Այս տարի գագաթնաժողովն ունեցել է շուրջ հազար այցելու, այդ թվում՝ պետական կառույցների, մասնավոր սեկտորի, դիվանագիտական առաքելությունների, կրթական եւ հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ արհեստական բանականությամբ հետաքրքրված բազմաթիվ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ թվային ապագայի զարգացման գործում։
Silicon Mountains արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ը վերջին 3 տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։