13:28 | 16.10.25 | Նորություններ | 4021
Թվային անվտանգության ոլորտում գիտելիքների եւ հմտությունների տարածումը խթանելու նպատակով Ucom-ը, որպես տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի կազմակերպմանը։
Դասընթացը, որը վարում են ճանաչված ֆրանսիացի փորձագետներ՝ Ռեննի–Սեն Մալոյի Տեխնոլոգիական Համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը եւ «Orange» ընկերությունում ամպային (cloud) ճարտարապետ Նիկոլա Ռենարը, նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբերսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու եւ արդյունավետորեն հակազդելու համար։
«Թվային աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը նույնպես պահանջում են կրթություն, համագործակցություն եւ պատասխանատվություն։ Ucom-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլեւ ձեւավորում է վստահության եւ դիմակայունության մշակույթ մեր հասարակության մեջ։ Այսօր, երբ տեխնոլոգիաները դառնում են յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասը, կարեւոր է, որ մենք բոլորս՝ մասնավոր հատվածը, կրթական հաստատությունները եւ հասարակական կազմակերպությունները, միավորվենք՝ ապահովելու թվային գրագիտության բարձր մակարդակ եւ պաշտպանված միջավայր», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Շատ ուրախ եմ, որ UCOM-ը՝ հայկական հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, միանում է մեր ծրագրին` որպես տեխնոլոգիական գործընկեր: API-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է մասնավոր եւ պետական դրամաշնորհների եւ նվիրատվությունների շնորհիվ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ հասարակության անվտանգությունն ու դիմադրողականությունը», - ընդգծելով այս նախաձեռնության կարեւորությունը՝ ասել է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության նախագահ Վիգեն Փափազյանը։
Միջազգային չափանիշներին համապատասխան դասընթացը բաղկացած է 92 ժամից ներառում է կիբերանվտանգության ամբողջ սպեկտրը՝ համակարգերի կառավարում, վիրտուալացում, թվային հետաքննություն, ցանցեր եւ ներթափանցման փորձարկում (penetration testing)։ Բոլոր շրջանավարտները դասընթացի ավարտին ստանում են Ֆրանսիական համալսարանի եւ Հայաստանյան խաղաղության նախաձեռնության համատեղ վկայական։