14:31 | 23.10.25 | Նորություններ | 2689
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ զեղծարարությունների կանխարգելումից դեպի արդար լուծում» խորագրով 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսում։
Ucom-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է զեղծարարությունների դինամիկան թվային դարաշրջանում՝ անդրադառնալով նաեւ տվյալների պաշտպանության, սպառողների վստահության եւ կազմակերպությունների պատասխանատվության կարեւորությանը՝ թվային անվտանգության մշակույթի ձեւավորման գործում։
«Թվային անվտանգությունն այսօր բիզնեսի ամենամեծ պատասխանատվություններից մեկն է։ Ucom-ում մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ուղեկցվի պատասխանատու վերաբերմունքով։ Մենք ներդնում ենք ոչ միայն նորարարական ցանցեր եւ լուծումներ, այլեւ ձեւավորում ենք անվտանգ ու գիտակցված թվային միջավայր, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ իրեն կարող է զգալ պաշտպանված եւ վստահ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ֆինանսական համակարգի հաշտարարի 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսը համախմբել էր ֆինանսական եւ մասնավոր ոլորտների ավելի քան 120 ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի եւ ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի, Ֆինանսական օմբուդսմենների գրասենյակների ներկայացուցիչների՝ Ռուսաստանից, Սինգապուրից եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, պետական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ փորձագետների՝ այլ երկրներից։
Քննարկվել են թվային վճարումների խարդախությունների կանխարգելման, կիբերանվտանգության եւ արհեստական բանականության կիրառման հարցեր՝ արդար եւ թափանցիկ ֆինանսական միջավայրի ձեւավորման նպատակով։