10:36 | 24.10.25 | Նորություններ | 266
Արհեստական բանականության (ԱԲ) միջոցով սինթետիկ տվյալների վրա հիմնված դեղերի հայտնաբերման ոլորտի առաջատար Denovo Sciences-ը հայտնել է միջազգային նոր համագործակցության մասին:
Denovo Sciences Inc.-ը, Weill Cornell Medicine-Qatar-ը (WCM-Q), որը առաջատար կենսաբժշկական հետազոտական եւ կրթական հաստատություն է, եւ Sidra Medicine-ը, որը կանանց եւ երեխաների առողջապահական կազմակերպություն է, համագործակցում են հոմոցիստինուրիայի՝ հազվագյուտ եւ ժառանգական հիվանդության, դեմ դեղամիջոց հայտնաբերելու եւ մշակելու նպատակով։
Համագործակցության նպատակն է ստեղծել դեղամիջոց դեռեւս անբուժելի հանդիսացող հիվանդություններից մեկի նկատմամբ, որը լուրջ խնդիր է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի (ՄԱՀԱ) տարածաշրջանում, որտեղ այս հիվանդությունն ունի աշխարհում ամենաբարձր տարածվածության մակարդակներից մեկը։
Հոմոցիստինուրիան ժառանգական խանգարում է, որը խաթարում է օրգանիզմի՝ մետիոնին ամինաթթուն մշակելու ունակությունը, ինչը հանգեցնում է հոմոցիստեինի թունավոր կուտակմանը արյան մեջ։ Սա կարող է առաջացնել լուրջ բարդություններ, այդ թվում՝ զարգացման ուշացումներ, տեսողական խնդիրներ, կմախքային անոմալիաներ եւ կյանքին սպառնացող արյան մակարդուկների եւ կաթվածների բարձր ռիսկ։ Թեեւ ներկայումս գոյություն ունեն խիստ սննդային սահմանափակումներ եւ հավելումներ ներառող բուժումներ, դրանց արդյունավետությունը հիվանդների զգալի մասի համար սահմանափակ է։
«Մենք ուրախ ենք համագործակցել այնպիսի հեղինակավոր հաստատությունների հետ, ինչպիսիք են Weill Cornell Medicine-Qatar-ը եւ Sidra Medicine-ը»,- ասել է Denovo Sciences-ի գործադիր տնօրեն Հովակիմ Զաքարյան։
«Մեր Denovo հարթակը եզակիորեն հարմար է այն հազվագյուտ հիվանդությունների դեմ պայքարելու համար, որոնց դեպքում տվյալները սակավ են կամ բացակայում են: Մեր առաջադեմ հաշվողական մոդելավորումը WCM-Q-ի ակնառու կենսաբանական եւ նախակլինիկական փորձագիտության հետ համատեղելով՝ մենք վստահ ենք, որ կարող ենք հայտնաբերել խիստ անհրաժեշտ դեղամիջոց հոմոցիստինուրիայով հիվանդների համար, հատկապես այն տարածաշրջանում, որտեղ դրա կարիքն ամենամեծն է», - հավելել է նա:
Համագործակցությունը կօգտագործի բոլոր երեք կազմակերպությունների ուժեղ կողմերը։ Denovo Sciences-ը կիրականացնի քվանտային մեխանիկայի/մոլեկուլային մեխանիկայի ուսումնասիրություններ եւ կկիրառի իր սեփական ԱԲ-ի վրա հիմնված Denovo հարթակը՝ բարձր արդյունավետությամբ խոստումնալից դեղամիջոցների թեկնածուներ ստեղծելու համար։ Weill Cornell Medicine-Qatar-ը կներդնի իր գերժամանակակից հետազոտական ենթակառուցվածքները, նյութափոխանակության խանգարման հիվանդությունների ոլորտում խորացված փորձառությունը եւ համաշխարհային կարգի հետազոտողների թիմը՝ ուսումնասիրելու Denovo Sciences-ի կողմից տրամադրված դեղամիջոցի թեկնածուները։ Sidra Medicine-ը կկիրառի իր լայնածավալ կլինիկական փորձառությունը հոմոցիստինուրիայի ոլորտում՝ կլինիկայում նոր թեկնածուների ներդրման վերաբերյալ հաջորդ քայլերը որոշելու համար։