17:59 | 27.10.25 | Նորություններ | 187
Հայաստանի կապի երեք օպերատոր Յուքոմը, Թիմ Տելեկոմ Արմենիան եւ Վիվա Արմենիան 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 29.5 մլրդ դրամի հարկ, ինչը 9․3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա տվյալներով վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 26.99 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա ապրանքանիշը ներկայացնող «Վիվա Արմենիա» ընկերությունն է: Այն 2025թ. երրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 14.37 մլրդ դրամի հարկ, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2025թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 13-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9-րդ տեղի փոխարեն:
Խոշորագույն հարկատուների ցանկում երկրորդը «Յուքոմ» ընկերությունն է (31-րդ տեղ 29-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 7.6 մլրդ դրամ հարկ, ինչը 16.5%-ով ավելի է 2024թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է՝ 7.54 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 26.6%-ով, սակայն այն ընդհանուր հարկատուների ցանկում 32-րդից դարձել է 33-րդը:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «OVIO» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (214-րդ տեղ՝ 252-ի փոխարեն, 1.25 մլրդ դրամ, աճ՝ 33.4%):
Աննա Այվազյան