Ամփոփվել են «Մասսայական ուսուցում» բաղադրիչով իրականացված տեխնոլոգիական անվճար դասընթացների արդյունքները։

ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանն ընդգծել է, որ նախարարության կողմից մեծապես կարեւորվում է տեխնոլոգիական կրթության մասսայականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ հատկապես մարզաբնակ երիտասարդների համար։

ACA-ի հիմնադիր Նարեկ Ասլիկյանը մասնակիցների հետ զրուցել է տեխնոլոգիաների, դասընթացների հիմնական թեմաների շուրջ, ապա անդրադարձել ապագայում մասնագիտության ընտրության հարցում ճիշտ որոշում կայացնելուն՝ նշելով, որ պետք է առաջնորդվել նախասիրություններով։

Շիրակի մարզում ծրագրում ընդգրկված է եղել 104 մասնակից՝ Գյումրիից, Մարալիկից եւ Արթիկից։ Դասընթացները ներառել են ծրագրավորման հիմունքներ, արհեստական բանականություն, դիզայներական ծրագրեր, մեքենայական ուսուցման մոդելներ, տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգություն, ֆիշինգ, արդի տեխնոլոգիաներ թեմաները։ 

Ծրագրին մասնակցել են ինչպես բարձր դասարանների աշակերտներ, այնպես էլ ուսանողներ եւ ոլորտով հետաքրքրված անձինք։ Ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի եւ դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաեւ աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Այս տարի «Մասսայական ուսուցում» ծրագիրն անցկացվել է Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակցի համար։