Հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացվել է ճարտարապետ Բեռնար Խուրիի նախագծած Լոս Անջելեսի Թումո կենտրոնը։
Միջոցառմանը ներկա էին Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Լոս Անջելես քաղաքի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, Թումոյի խորհրդի անդամները, աջակիցները եւ ընկերները, համայնքի պատանիներն ու ծնողները։
«Այն, ինչ սկսվել է որպես մի երազանք՝ Երեւանի պատանիներին ընձեռել տեխնոլոգիաներ եւ դիզայն անվճար սովորելու հնարավորություն, վերածվել է համաշխարհային կրթական շարժման։ Այսօր ավելի քան 35,000 ուսանող ամեն շաբաթ այցելում է Հայաստանի ու աշխարհի տարբեր Թումո կենտրոններ՝ Փարիզից մինչեւ Գունմա։ Մենք հպարտ ենք, որ այժմ Թումոյի մոդելը բերում ենք նաեւ Լոս Անջելես»,- նշել է Սեմ Սիմոնյանը։
Լոս Անջելեսի North Hollywood թաղամասում տեղակայված կենտրոնում շաբաթական 1500 պատանի անվճար կուսանի Թումոյի նորարար կրթական ծրագրով՝ ֆիլմերի ստեղծման, երաժշտության, անիմացիայի, եռաչափ մոդելավորման, խաղերի ստեղծման, գրաֆիկական դիզայնի, ծրագրավորման եւ ռոբոտաշինության ոլորտներում։
Թումո Լոս Անջելեսն առաջին կենտրոնն է Հյուսիսային Ամերիկայում, սակայն ապագայում նախատեսվում է ստեղծել թումոյական ցանց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա եւ այլ նահանգներում։