13:58 | 31.10.25 | Նորություններ | 1237
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կառավարում, ռիսկեր եւ համապատասխանություն արհեստական բանականության եւ թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան կոնֆերանսին, որտեղ Ucom-ը հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր։
Կոնֆերանսը համախմբել էր ներքին աուդիտի, համապատասխանության եւ տեղեկատվական անվտանգության եւ ռիսկերի կառավարման ոլորտների ավելի քան 150 մասնագետի եւ առաջատար փորձագետի՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սլովենիայից եւ այլ երկրներից։
Ռալֆ Յիրիկյանը հանդես է եկել ելույթով՝ «Կապից դեպի պատասխանատվություն. հեռահաղորդակցությունը ԱԲ դարաշրջանում» թեմայով՝ ներկայացնելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումների իր տեսլականը։
«Ucom-ում մենք գիտակցում ենք, որ այսօր արհեստական բանականությունն ու թվային տեխնոլոգիաները ձեւավորում են բոլոր ոլորտների ապագան՝ բիզնեսից մինչեւ պետական կառավարում։ Հեռահաղորդակցությունը այս էկոհամակարգի առանցքային հենասյունն է․ մենք պատասխանատվություն ենք կրում ապահովելու ոչ միայն կապի որակն ու արագությունը, այլեւ տվյալների պաշտպանությունը, թվային վստահությունը եւ անվտանգ փոխգործակցությունը մարդկանց ու բիզնեսների միջեւ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ելույթից հետո Ռալֆ Յիրիկյանին հանձնվել է հուշանվեր՝ ի նշան շնորհակալության համաժողովի տեխնոլոգիական գործընկեր լինելու համար։
«Այս տարի եւս ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանսը հաջողությամբ դարձավ գիտելիքի եւ փորձի փոխանակման առանցքային հարթակ՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետների։ Մենք ուրախ ենք, որ կոնֆերանսի ընթացքում կարողացանք կազմակերպել քննարկումներ այսպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են արհեստական բանականությունն ու թվային ակտիվները, որոնք այսօր թելադրում են բիզնեսի, կորպորատիվ կառավարման եւ հսկողական գործառույթների ապագան։ Վստահ ենք, որ յուրաքանչյուր մասնակից իր հետ տարավ արժեքավոր գործիքներ՝ իրենց կազմակերպությունների կայուն զարգացումն ապահովելու համար։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ այս կարեւոր միջոցառումն իրականություն դարձնելու համար», - նշել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:
Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկել են բիզնեսի թվային փոխակերպման ընթացքը, անդրադարձել արհեստական բանականության կիրառման գործնական հարցերին՝ վերլուծելով ռիսկերն ու բացահայտելով հնարավորությունները, ինչպես նաեւ թվային ակտիվների եւ կիբեռանվտանգության արդիական խնդիրները: