Իլոն Մասկը ներկայացրել է Chat-ը՝ մեսենջեր, որն աստիճանաբար կփոխարինի X սոցիալական ցանցում գործող ստանդարտ անձնական հաղորդագրությունների գործառույթին:
Հայտարարության մեջ նշվում է, որ հարթակը կլինի լիովին առանց գովազդի։ Ծառայությունն ընդլայնել է ֆունկցիոնալությունը. օգտատերերն այժմ կարող են կատարել ձայնային եւ տեսազանգեր, ուղարկել ֆայլեր, խմբագրել եւ ջնջել ուղարկված հաղորդագրությունները: Ավելացվել են նաեւ անհետացող զրույցներ եւ էկրանի նկարների ծանուցումներ:
Մշակողները հատուկ շեշտը դրել են գաղտնիության վրա: Chat-ն աջակցում է ծայրից ծայր կոդավորումը եւ էկրանի նկարների արգելափակման ընտրովի տարբերակը, սակայն ընկերությունն ընդունում է, որ մետատվյալները, այդ թվում՝ ստացողի տեղեկատվությունը, մնում են բաց:
Թարմացումն արդեն հասանելի է X հավելվածում iOS-ի եւ վեբ տարբերակի համար եւ շուտով հասանելի կլինի Android-ի համար: