Համահայկական Innovate Armenia մրցույթը կանցկացվի արդեն երկրորդ անգամ։ 

Նպատակն է՝ խրախուսել եւ աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական պրոդուկտների զարգացումը եւ միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելը: Մրցույթը նախաձեռնել եւ իրականացնում է TCF Armenia-ն՝ այս անգամ Helvetas շվեյցարական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Մրցույթին կարող են մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր ամբողջ Հայաստանից։ Սա աննախադեպ հնարավորություն է մրցույթի մասնակիցների համար՝ համապատասխանեցնելու իրենց գաղափարները միջազգային չափանիշներին, դարձնելու դրանք մրցունակ ամբողջ աշխարհում, հավաքելու գումար նախնական արտադրության համար, ձեռք բերելու կապեր եւ օգտակար ծանոթություններ։ 

Անհրաժեշտ կլինի ներկայացնել գաղափարի նախապատմությունը, պրոդուկտի ամբողջական եւ մանրակրկիտ նկարագիրը՝ գծապակերներով եւ հավանական սկետչերով, ինչպես նաեւ շուկայի ուսումնասիրություն ու զարգացման ծրագիր։ Հարկավոր է ընդգծել, թե ինչով է նախագիծն առանձնահատուկ եւ արժանի վերածվելու իրական պրոդուկտի։

Ընտրված մասնակիցները անցնելու են ինկուբացիոն եւ բութ քեմփ ծրագրերով, ինչը լավ հնարավորություն է գաղափարից դեպի կենսունակ պրոդուկտ հասնելու եւ իրենց պրոդուկտները մրցույթի եզրափակիչ փուլում ժյուրիին ներկայացնելու։
  
Ժյուրին գնահատելու է մասնակիցների նորարակական գաղափարները, իրագործելիությունը, շուկայի պոտենցիալը, թիմի կամ անհատի մասնագիտական ներուժը եւ ներկայացման հմտությունները։ 

Առաջին հորիզոնականը զբաղեցրած անհատը կամ թիմը կստանա աջակցություն գաղափարի վավերացումից մինչեւ արտադրություն, ներառյալ՝ մենտորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծման ծառայությունների հասանելիություն, քրաուդֆանդինգի աջակցություն, ինչպես նաեւ նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների եւ արտադրողների մեծ բազայի հետ։ 

Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կամ անհատը հնարավորություն կունենա օգտվել շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից, կմասնակցի մենտորության, ինչպես նաեւ կստանա պոտենցիալ շուկա մուտք գործելու համար պրոդուկտի նախապատրաստման ուղղորդում:

Երրորդ հորիզոնականում հայտնված թիմը կամ անհատը կօգտվեն շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից եւ մենտորությունից։ 

Այս տարի Innovate Armenia ծրագիրը ներառում է նաեւ համագործակցություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Մրցույթի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 28-ին TCF Armenia-ի, Helvetas-ի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջեւ կստորագրվի եռակողմ համագործակցության հուշագիր։ 

Հուշագրով Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները երեք տարով հնարավորություն կստանան օգտվել Prelaunch.com պլատֆորմից՝ փորձարկումներ կատարելու, ստուգելու իրենց նորարարական նախագծերի կենսունակությունը, գինն ու հավանականությունը՝ մուտք գործելու արտերկրի շուկաներ։ 

Նշենք, որ մրցույթի մասնակցությունն ամբողջովին անվճար է, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 26-ն է։ Ծրագրի իրազեկման նպատակով տեղի կունենան տեղեկատվական օրեր Երեւանում եւ մարզերում։ Նախագծերը հնարավոր է ներկայացնել այստեղ։