OpenAI-ի նախկին առաջատար հետազոտող եւ Safe Superintelligence-ի ղեկավար Իլյա Սուցկեւերն ասել է, որ արհեստական բանականության արդյունաբերությունը վերադառնում է «հետազոտությունների դարաշրջան», որն ավարտվել էր 2020 թվականին։
Դվարկեշ Պատելի հետ փոդքասթում նա քննարկել է AI մոդելների մասշտաբավորման ճգնաժամը եւ իր նոր ընկերության մոտեցումը։
Քանի որ նեյրոնային ցանցերի վարժեցման տվյալները սպառվում են, AI ընկերությունները վերադառնում են «հետազոտությունների դարաշրջան», երբ մարդիկ պարզապես փորձարկում էին եւ փորձում էին հետաքրքիր արդյունքներ ստանալ:
Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածը տեւել է 2012-ից մինչեւ 2020 թվականը։ Այնուհետեւ ստարտափները հասկացան, որ նոր ճարտարապետություններ փնտրելու փոխարեն կարող են պարզապես մասշտաբավորել մոդելները՝ ավելացնելով պարամետրերի, տվյալների հավաքածուների եւ հաշվողական հզորության քանակը։
«Սա աշխատող բաղադրատոմս էր, որի մեջ մարդիկ պատրաստ էին ներդրումներ կատարել կանխատեսելի արդյունքների համար՝ նվազագույն ռիսկով։ Ես կարծում եմ մենք վերադառնում ենք հետազոտությունների դարաշրջան, բայց այժմ՝ մեծ համակարգիչներով: Ներկայում նեյրոնային ցանցերը լավ են գործում չափորոշիչներում, բայց չեն ստեղծում տնտեսական արժեք. նրանք սխալներ են թույլ տալիս եւ չեն կարող ընդհանրացնել տեղեկատվությունը մարդկանց պես», - նշել է Իլյա Սուցկեւերը:
Սուցկեւերը կարծում է, որ Google-ը Gemini 3 Pro մոդելի վերջին մոդելի մշակման ընթացքում գտել է որակը բարելավելու միջոց՝ նախնական ուսուցման միջոցով, բայց դրա համար տվյալները սպառվում են։ Հաջորդիվ նրանք պետք է գտնեն «բոլորովին այլ լուծում»։
Նրա ստարտափը նախատեսում է հեռու մնալ արհեստական բանականության ընկերությունների մրցավազքից եւ կենտրոնանալ գերբանականության զարգացման նոր մոտեցումների հետազոտության վրա։ Սուցկեւերը կարծում է, որ կորպորացիաները սխալ են հասկանում AGI հասկացությունը եւ «գերագնահատում են իրենց հնարավորությունները». անհրաժեշտ է ոչ թե «գերբանականություն», այլ՝ ինքնուսուցման ունակ մոդել։
Սուցկեւերը Safe Superintelligence-ը գործարկել է Apple-ի արհեստական բանականության նախկին ղեկավար Դանիել Գրոսի եւ OpenAI-ի նախկին աշխատակից Դանիել Լեւիի հետ 2024 թվականին։ Այդ տարի սեպտեմբերին այն հավաքագրել է 1 միլիարդ դոլար՝ մոտ 5 միլիարդ դոլար գնահատմամբ։ 2025 թվականի գարնանը այն հավաքագրել է 2 միլիարդ դոլար՝ 32 միլիարդ դոլար գնահատմամբ, ըստ FT-ի։