Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանին և «Արեգնազան» կրթահամալիրին հանձնեցին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները՝ փոքր արհեստական արբանյակով, վերգետնյա կայանով, պարաշյուտով և գործնական ուղեցույցներով համալրված։ Դպրոցների ուսուցիչները նախապես վերապատրաստվել են  CIPR Aerospace-ի մասնագետների կողմից ուսումնական փաթեթի թեմաներով և հիմա արդեն հնարավորություն ունեն իրական արբանյակներով դասեր անցկացնել աշակերտների համար։

Ucom-ը շարունակում է աջակցել CIPR Aerospace կենտրոնի «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագրին, որի մեկնարկը արդեն տրվել է Վանաձորում և Օձունում։ Նախաձեռնության նպատակն է տիեզերական ինժեներական կրթությունը դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել՝ իրագործելով «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարը։

«Ucom-ում մենք մեծ նշանակություն ենք տալիս տեխնոլոգիական կրթությանը և ամեն ինչ անում ենք, որ ավելի ու ավելի մեծ թվով  երեխաներ դեռ դպրոցից սկսած ծանոթանան աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիաներին։ Այս ծրագրի միջոցով մենք աշակերտներին հնարավորություն ենք տալիս դպրոցական նստարանին նստած աշխատել իրական արբանյակների նմուշների հետ և մտածել այնպես, ինչպես մտածում են ՆԱՍԱ-ի ու Սփեյս-Էքս-ի ինժեներները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, ՆԱՍԱ-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը և PocketQube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր՝ դպրոցների և համալսարանների համար:

«Մեր թիմը շարունակբար զարգացնում է տիեզերագիտության և ավիատիեզերական ինժեներության ուսումնական մոդելներ, որոնք թույլ են տալիս դպրոցականներին իրական գործիքակազմով ուսումնասիրել այս ոլորտը։ Այս փաթեթով աշակերտները ստանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական ինժեներական գիտելիք՝ արբանյակների, վերգերտնյա կայանների և տվյալների հավաքագրման իրական փորձ։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ ծրագրի տարածումն ապահովելու և դպրոցներին այս հնարավորությունը տրամադրելու համար»,– նշել է CIPR Aerospace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։

Նախաձեռնությունը միտված է STEM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեներների համար պրակտիկայի և կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։