Yandex Armenia-ն հյուրընկալել է «Բարձր տեխնոլոգիաներ եւ տնտեսություն․ քննարկում Հայաստանի ապագայի վերաբերյալ» պանելային քննարկումը՝ պետական պաշտոնյաների, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների, տնտեսագետների եւ փորձագետների մասնակցությամբ։ 

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակվող` Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել համաշխարհային տեխնոլոգիական զարգացումների համատեքստում Հայաստանի առաջընթացի հեռանկարներին։ 


Քննարկմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը եւ միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետ Ռուբեն Ենիկոլոպովը։ Պանելային քննարկումը վարել է Yandex Armenia-ի պետության հետ հարաբերությունների գծով տնօրեն Տիգրան Գասպարյանը։ 

Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է կարեւոր փուլում՝ հետազոտությունների եւ զարգացման (R&D) ոլորտում որակական առաջընթացի իրական հնարավորություններով, եւ կարող է դառնալ տարածաշրջանային հաբ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար։ Նրա խոսքով՝ ռազմավարական ծրագրի հաջող իրականացումը պահանջում է պետական կառույցների, մասնավոր հատվածի եւ տեխնոլոգիական համայնքի համատեղ աշխատանք։


Ռազմավարական ծրագրի աշխատանքները համակարգող Տիգրան Ջրբաշյանն ընդգծել է, որ ծրագիրը կառուցվում է Հայաստանի իրական ներուժի վրա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է կենտրոնանա մարդկային կապիտալի զարգացման, գիտահետազոտական գործունեության խթանման եւ բազմազգ ընկերությունների ներգրավման վրա։ Նա կարեւորել է նաեւ սփյուռքի դերը՝ որպես գիտելիքի, կապերի եւ ներդրումների աղբյուր։

Մարդկային կապիտալի զարգացման առաջնահերթությունն է շեշտել նաեւ Ռուբեն Ենիկոլոպովը։ Տնտեսագետն ընդգծել է նաեւ տեխնոլոգիաների, այդ թվում արհեստական բանականության գործնական կիրառման դերը տնտեսության մյուս ոլորտների խթանման համար։ Ենիկոլոպովի խոսքով՝ համապատասխան հմտությունների զարգացումը եւ ինստիտուցիոնալ միջավայրի ամրապնդումը Հայաստանին հնարավորություն են տալիս ներգրավվել գլոբալ արժեքային շղթաներում։


«Որպես Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ակտիվ մասնակից՝ Yandex Armenia-ն կարեւորում է գործնական քննարկումների հարթակների ստեղծումը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունների շուրջ եւ պատրաստ է շարունակել մասնակցությունը նման նախաձեռնություններին», - նշել է Yandex Armenia-ի պետության հետ հարաբերությունների գծով տնօրեն Տիգրան Գասպարյանը։

Քննարկումը հնարավորություն է տվել համադրել պետական, փորձագիտական եւ միջազգային դիտանկյունները՝ ձեւավորելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ զարգացման ուղիների կիրառելի օրակարգ։