Viva-ն եւ «Արենի-1» քարայր» գիտահետազոտական հիմնադրամը սկսել են համագործակցել՝ Հայաստանում քարայրային առաջին թանգարան ստեղծելու նպատակով: 

Արդեն յոթ տարի, հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն Արենու քարայրի, այլեւ Արփա գետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները։ Հայտնաբերված գտածոներից մինչեւ ենթակառուցվածքների զարգացումը մեկ շղթայով ներկայացնելու լավագույն տարբերակը՝ մեկ կետից կառավարվող եւ անվտանգային համակարգով ապահովված քարայրային թանգարան ստեղծելն է: Viva-ն աջակցելու է հենց այդ հարցերում: Ցուցափեղկերի ստեղծումից մինչեւ ցուցանմուշների պահպանություն եւ անվտանգության ապահովման համակարգ՝ հետեւողական աշխատանք են պահանջում:

«Այս ծրագրի նպատակն ավելին է, քան «Արենի-1» քարայրում թանգարան ստեղծելը կամ դրա կառավարման համակարգն ու անվտանգությունն ապահովելը: Մեր գործընկերության անկյունաքարը հնագիտական ժառանգության պահպանման միջոցով գիտահեն տուրիզմը զարգացնելն է: Մշակութային ժառանգության նկատմամբ դրսեւորվող հետեւողական վերաբերմունքը թույլ կտա ապահովել ամբողջական շղթա՝ պեղումների միջոցով կարեւորագույն նյութերի հայտնաբերման, դրանց ներկայացման եւ ենթակառուցվածքների զարգացման միջեւ: Պատկերավոր ասած՝ մենք մեր հնագիտական ժառանգության հետ «հաղորդակցվելու» հնարավորություն ենք տալու աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Նյութական ու հոգեւոր մշակույթների կապը ներկայացնող «Արենի-1» քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող՝ հազարավոր գտածոներ: Հայտնաբերված գունազարդ կարասն դեռեւս ամենակարեւոր գտածոն է համարվում: Այդ եւ համաշխարհային արժեք ներկայացնող այլ գտածոների ցուցադրության համար, քարայրում ստեղծվելու է երկու դահլիճից բաղկացած թանգարան:

«Թանգարան ստեղծելը դժվար գործ է, որովհետեւ խնդիրը միայն ցուցափեղկերի մեջ չէ, այլ այն կոնցեպտի մշակման, որով այդ ցուցափեղկերը պետք է ցուցադրվեն։ Այստեղ Viva-ի մեծ օգնությունը այն է, որ ամբողջությամբ միանգամից կահավորում ենք թանգարանը: Մենք կգնանք անընդհատ ցուցադրությունը փոփոխելու, թարմացնելու, ինչ-որ թեմատիկ ուղղվածություն տալու ճանապարհով, որովհետեւ Արենիից գտնված են հազարավոր գտածոներ. խեցեղեն, փայտ, տեքստիլ եւ այլն»,- ասել է ««Արենի-1» քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հիմնադիր, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:

Քարայրային թանգարանի ստեղծումը կարեւորվում է նաեւ Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվացմանը նպաստելու տեսանկյունից: