Մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան Համաժողովը, որի ընթացքում տեղի կունենան ԱՏՁՄ Խորհրդի եւ Խորհրդի նախագահի ընտրությունները։
«Այս համաժողովը կարեւոր հնարավորություն է ոչ միայն ամփոփելու անցած 25 տարվա ճանապարհը, այլ հստակ ձեւակերպել այն ռազմավարական առաջնահերթությունները, որոնք կուղենշեն միության եւ ամբողջ տեխնոլոգիական համայնքի հաջորդ փուլը։ Երբ ԱՏՁՄ-ն հիմնադրվում էր ընդամենը ութ ընկերության նախաձեռնությամբ, դժվար էր պատկերացնել, որ 25 տարի անց մենք կունենանք արդեն 270 անդամ ընկերություն՝ ներկայացնող տեխնոլոգիական ոլորտի բազմազան ուղղություններ։ Այսօր ԱՏՁՄ-ն ոչ միայն մասնագիտական միավորում է, այլ փորձագիտական կենտրոն եւ արդյունավետ երկխոսության հարթակ՝ հանդես գալով որպես ոլորտի միասնական ձայն թե՛ պետական կառույցների, թե՛ միջազգային գործընկերների հետ շփումներում»,- նշել է ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը։
«Այսօր Հայաստանում գործում են հարյուրավոր տեխնոլոգիական ընկերություններ, աշխատում են հազարավոր բարձրակարգ ինժեներներ, ստեղծվում են միջազգային շուկաներում մրցունակ պրոդուկտներ։ Այս գործընթացում ԱՏՁՄ-ի դերը կարեւոր է եղել՝ որպես համագործակցության, գաղափարների ձեւավորման եւ ոլորտի համախմբման հարթակ։ Մենք արդեն ունենք ձեւավորված եւ գործունակ հնարավորություններ թե՛ ընկերությունների աճի, թե՛ մարդկային կապիտալի զարգացման համար։ Սակայն կարծում եմ, որ այս փուլում պետք է անցնենք ավելի հավակնոտ նպատակների ձեւակերպմանն ու իրականացմանը։ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է ավելի ամբիցիոզ ծրագրերի, ավելի լայն միջազգային ներկայության եւ առավել խորքային ազդեցության երկրի տնտեսական զարգացման վրա»,- նշել է ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը։
«Շատ ուրախ եմ արդեն 11-րդ անգամ ելույթ ունենալ ԱՏՁՄ տարեկան համաժողովին։ ԱՏՁՄ-ում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ սկզբունքով՝ մտածել ամբողջ էկոհամակարգի զարգացման մասին։ Յուրաքանչյուր նախաձեռնություն, առաջարկվող օրենսդրական փոփոխություն գնահատել ենք մեկ հարցով՝ արդյոք դա ծառայում է համայնքի ընդհանուր շահին։ Համոզված եմ, որ հենց այս մոտեցումն է մեզ բերել այսօրվա արդյունքներին, եւ նույն պատասխանատվությամբ պետք է շարունակել առաջ գնալ»,- ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Համաժողովի ընթացքում քվեարկության է դրվելու նաեւ «Հանրային քաղաքականությունների օրակարգը», որն ամփոփում է համայնքի ներկայացուցիչների պատկերացումները ոլորտի զարգացման ուղղությունների, պետական կարգավորումների, առաջնահերթությունների, առկա խնդիրների լուծման վերաբերյալ, որը առաջարկվելու է գործող կառավարությանը եւ գալիք խորհրդարանական ընտրություններին երկրի առաջնորդությունը ստանձնել հավակնող քաղաքական ուժերին։