17:09 | 06.03.26 | Նորություններ | 114
Կայացել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական նախագծերի պաշտպանությունը։
Ծրագիրն իրականացվում է 2023 թվականից՝ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ։
Փորձարարական ծրագրում ընդգրկված 207 աշակերտ այս տարի ավարտում է ուսումնառությունը։ Ավարտական քննություններից բացի՝ ծրագրի պարտադիր բաղադրիչ են նաեւ ԱԲ ավարտական նախագծի մշակումը եւ պաշտպանությունը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում ծրագիրը հասել է կարեւոր փուլի, եւ արդեն արձանագրվել են որոշ հաջողություններ, թեեւ առաջիկայում դեռ շատ անելիքներ կան։ Նրա խոսքով՝ «ԱԲ սերունդ» ծրագիրը պետք է դառնա Հայաստանի կրթական համակարգի այցեքարտերից մեկը՝ ՀՀ հանրակրթությունը միջազգային հարթակներում ներկայացնելու տեսանկյունից։
«Մեզ համար շատ կարեւոր է, որ «ԱԲ սերունդը» հասանելի է ՀՀ բոլոր մարզերում եւ ցույց է տալիս, որ այն կրթական որակը, որը մենք սովորաբար ակնկալում ենք տեսնել մասնավոր դպրոցներում կամ միջազգային առաջատար ուսումնական հաստատություններում, հասանելի է նաեւ հանրակրթական դպրոցներում։ ԱԲ կրթությունը շատ լայն հնարավորություններ է բացում աշակերտների համար: Նրանց նախագծերն այսօր արտացոլում են այն պատասխանատվությունն ու ստեղծարարությունը, որով աշակերտները մոտենում են իրական կյանքի խնդիրներին ու դրանց կենսունակ լուծումներին»,- նշել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։
Երկօրյա միջոցառման ընթացքում շուրջ 31 թիմ կներկայացնի ԱԲ լուծումներ՝ տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման առաջարկներով։ Ավարտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ոլորտի ներկայացուցիչներ մասնավոր կառույցներից եւ բուհերից։