Ucom-ի աջակցությամբ կրկին կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։

Սերունդների երկխոսությունն ապահովելու համար մեկ վայրում բոլոր մարզերից հավաքվելու է մոտ 400 պատանի եւ երիտասարդ, ինչպես նաեւ շուրջ 200 փորձառու մասնագետ եւ հաջողակ գործարար։ Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակ բեմից կկսվեն իրենց յուրահատուկ փորձառությունով եւ ոգեշնչող պատմություններով։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատելու է պրոֆեսիոնալ մենտոր՝ օգնելով պատրաստել գրագետ եւ ազդեցիկ ելույթ։

Մարտի 28-ին՝ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում սպասվող «ԴեմԱռԴեմ 2026» ֆորումի ընթացքում գործելու է պատանիների կողմից ստեղծված եւ կառավարվող նախագծերի ցուցադրություն, անցկացվելու է թեմատիկ պանելային քննարկում, կազմակերպվելու են մրցույթներ ու անակնկալներ։ Սերունդների երկխոսության ֆորումը կամփոփվի տոնական համերգով։ 

«Ucom-ը, որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր, կարեւորում է մարզերում երիտասարդների ներուժի բացահայտումը եւ կրթական ու տեխնոլոգիական հնարավորությունների հասանելիության ընդլայնումը։ Ընկերությունը հետեւողականորեն աջակցում է նախաձեռնություններին, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը եւ սերունդների միջեւ կառուցողական երկխոսությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Միջոցառումն արդեն դարձել է տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ մարզերում բնակվող հարյուրավոր պատանիների եւ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների համար։ Այս տարի ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է՝ գրանցման մեկնարկից ընդամենը 48 ժամ անց ստացվել է ավելի քան 600 հայտ՝ Հայաստանի բոլոր մարզերից եւ Ջավախքից։

«Արդեն երրորդ տարին կազմակերպելով մարզային ֆորումը՝ ապացուցում ենք, որ իմաստությունը տարիքային սահմաններ չի ճանաչում, եւ պատանիները եւս կարող են իրենց փորձով ու ուղերձներով մոտիվացնել եւ օգտակար լինել ավագ սերնդին։ Այս ամենամյա հարթակը ոչ միայն ոգեշնչման աղբյուր է, այլեւ երկու սերունդների արդյունավետ երկխոսության իրական միջավայր», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։ 
Ֆորումին կարելի է մասնակցել գրանցվելով այստեղ։