Ucom-ը եւ Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին, որը միտված է Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների եւ հետազոտողների համայնքի զարգացմանը։

Որպես Թվային գործընկեր՝ Ucom-ը Hero House-ին կապահովի կայուն ինտերնետ կապով եւ համապատասխան ծառայություններով՝ ապահովելով տարածքի արդյունավետ աշխատանքը եւ տեխնոլոգիական թիմերի հնարավոր զարգացումը։

Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, այդ թվում՝ Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի անցկացման վայրը։ Վերջին ութ տարվա ընթացքում տարածքը հյուրընկալել է ASA-ի 13 ծրագիր՝ աջակցելով ավելի քան 170 ստարտափի։ Այս թիմերը Hero House-ը օգտագործել են որպես հիմք՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու եւ մենտորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու համար։

«Երբեմն մեծ գործեր անելու համար մեզ պետք է ընդամենը մի փոքր օգնություն։ Դա գիտակցելով՝ Ucom-ը ձգտում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական զարգացում ապահովող կազմակերպությունների աշխատանքին։ Միայն միահամուռ ուժերով մենք կարող ենք զգալի փոփոխություններ ապահովել մեր երկրում եւ նոր սերունդների համար ավելի լավ ապագա ապահովել», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Hero House-ը տարիներ շարունակ ծառայել է որպես գաղափարների ձեւավորման, կապերի ստեղծման եւ նախաձեռնությունների հարթակ: Ucom-ի հետ համագործակցությունը եւս մեկ քայլ է, որը նպաստելու է նորարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», - ասել է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը։

Սունդուկյան 60 հասցեում գործող Hero House-ը հասանելի է նաեւ անհատների եւ թիմերի համար, որոնք փնտրում են կենտրոնացված եւ համագործակցային աշխատանքային միջավայր։ Որպես համատեղ աշխատանքային տարածք ծառայելուց զատ՝ այն նաեւ մնում է համայնքային միջոցառումների եւ էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն։