Թրամփը սպառնում է Apple-ին 25% մաքսատուրքերով, եթե ընկերությունը չդադարեցնի ամերիկյան iPhone-ների արտադրությունը արտասահմանում:

ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ները պետք է արտադրվեն ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հնդկաստանում կամ որեւէ այլ վայրում, եւ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը դա գիտի, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հակառակ դեպքում, Apple-ը պետք է Միացյալ Նահանգներին վճարի առնվազն 25% մաքսատուրք, հավելել է Թրամփը։ 2025 թվականի մայիսին Թրամփն արդեն ասել էր, որ չի ցանկանում, որ ընկերությունը արտադրություն հիմնի Հնդկաստանում։

Հարցը, թե որտեղ են հավաքվում iPhone-ը եւ Apple-ի մյուս սարքերը, առաջացավ Միացյալ Նահանգների եւ այլ երկրների միջեւ «սակագնային պատերազմ» սկսվելուց հետո։ Չինաստանի համար մաքսատուրքերի աճի ֆոնին, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ընկերությունը պլանավորել է ամերիկյան շուկայի համար նախատեսված iPhone-ների մեծ մասի արտադրությունը տեղափոխել Հնդկաստան։

Միաժամանակ, ըստ Bloomberg-ի, ընկերությունը, հավանաբար, չի տեղափոխի արտադրությունը Չինաստանից Միացյալ Նահանգներ, չնայած առաջիկա չորս տարիների ընթացքում ամերիկյան տնտեսությունում 500 միլիարդ դոլար ներդնելու ծրագրերին։ Պատճառներից են մատակարարների, հզորությունների եւ աշխատուժի պակասը։

Որոշ վերլուծաբաններ, նշում է CNBC-ն, կարծում են, որ iPhone-ի արտադրությունը ԱՄՆ տեղափոխելը սմարթֆոնի գինը կբարձրացնի առնվազն 25%-ով։ Apple-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ։