11:03 | 26.05.25 | Նորություններ | 839
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ եւ ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաեւ ամպային ծառայությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր, որից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը կարեւորել է «Ամպայինն առաջինը» (Cloud First Policy) քաղաքականության իրագործման ընթացքում ընկերության աջակցությունը:
Ջեֆֆ Բարրը բարձր է գնահատել Հայաստանի տարբեր մակարդակում համագործակցության արդյունքները եւ վերահաստատել AWS-ի շարունակական աջակցությունը ՀՀ կառավարությանը։
Քննարկման հիմնական թեմաներից էր նաեւ AWS Outposts-ի ներդրումը Հայաստանում՝ տարածաշրջանային ամպային կայունության շարունակական ապահովման համար։ AWS ընկերության ներկայացուցիչները կարեւորել են պետական եւ մասնավոր հատվածների կողմից մեծ պահանջարկը։
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, որը ներկայացրել է ընկերության ռազմավարությունը՝ դառնալու ժամանակակից թվային հարթակ եւ ընդլայնելու իր դերը էլեկտրոնային առեւտրի էկոհամակարգում։ Ընկերությունն ակտիվորեն ուսումնասիրում է ամպային միգրացիայի հնարավորությունները AWS ընկերության հետ համագործակցությամբ եւ ցանկանում է ինտեգրվել Amazon հարթակին՝ հնարավորություն ունենալով դառնալու տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնը։