ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման մասին:
Մրցույթի նպատակներն են զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարը, որոնց կտրվի դրամական պարգեւ՝ 500.000-ական դրամ:
Մրցույթն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում՝
• Բնական եւ ճշգրիտ գիտություններ (ֆիզիկամաթեմատիկական եւ քիմիական գիտություններ, գիտություններ երկրի մասին);
• Տեխնոլոգիաներ եւ նորարարություններ (տեխնիկական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ճարտարապետություն);
• Մարդասիրություն եւ սոցիալական գիտություններ (պատմական, բանասիրական, իրավաբանական, մանկավարժական, հոգեբանական եւ սոցիոլոգիական գիտություններ, արվեստագիտություն, տնտեսագիտություն);
• Կանաչ տնտեսություն եւ տեխնոլոգիաներ (բժշկական, դեղագործական, կենսաբանական եւ գյուղատնտեսական գիտություններ);
• Ազգային անվտանգություն եւ ռազմական գիտություններ (կիբերանվտանգություն եւ տեղեկատվական պաշտպանություն, ռազմական գիտություններ եւ պաշտպանական տեխնոլոգիաներ, էներգետիկ եւ պարենային անվտանգության համակարգեր, ռազմաբժշկություն եւ արտակարգ իրավիճակների կառավարում)։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ սեպտեմբերի 30-ը youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձեւաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաեւ անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձեւաչափի: