Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Sevan Agritech Summit 2025» միջազգային գագաթնաժողովը, որն անցկացվում է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման շրջանակում:

Միջոցառման նպատակն է խթանել թվային եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոտեխնոլոգիական էկոհամակարգի դերակատարների միջ ե ւփոխգործակցության, ինչպես նաեւ ոլորտում ձեռներեցության զարգացմանը: 

«Sevan Agritech Summit»-ն աչքի է ընկնում ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատար փորձագետների լայն ներկայացվածությամբ:

Աշխարհի 10 երկրից հրավիրված բանախոսները կներկայացնեն ոլորտի լավագույն փորձը, զարգացման միտումներն ու հեռանկարները, ինչպես նաեւՀայաստանում ագրոտեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները: 

Եռօրյա միջոցառմանը մասնակցում է ավելի քան 300 մասնակից Հայաստանից եւ արտերկրից՝ այդ թվում ձեռներեցներ, ներդրողներ, միջազգային հետազոտական հաստատությունների, ինչպես նաեւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

«Sevan Agritech Summit»-ի շրջանակում տեղի կունենա բարձրաստիճան համաժողով, ինչպես նաեւ կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների «ԱգրիԹոն 2025» տարածաշրջանային մրցույթը: 

Համաժողովին կքննարկվեն մի շարք առանցքային թեմաներ, ինչպիսիք են արհեստական բանականության կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, թվային լուծումների եւ գյուղատնտեսական ռոբոտաշինության, կլիմայախելամիտ գյուղատնտեսության եւ վերականգնողական պրակտիկաների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ ագրիֆինթեքի ներդրման հնարավորությունները Հայաստանում:

«Սեւան ԱգրիԹոն 2025» մրցույթի նպատակն է զարգացնել ագրոտեխնոլոգիական ստարտափների կարողությունները Հայաստանում՝ խթանելով տարածաշրջանային համագործակցությունը եւ նորարարությունները ճշգրիտ գյուղատնտեսության, ավտոմատացման եւ կլիմայախելամիտ լուծումների ուղղություններում։ Մրցույթին մասնակցում է 10 թիմ: Հաղթող կճանաչվեն այն մասնակիցները, որոնք առավել արդյունավետ ագրոտեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա կարեւորագույն խնդիրների համար: 

Մրցույթի հաղթողները կարժանանան դրամական պարգեւների «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի եւ Ակբա բանկի կողմից, ինչպես նաեւ ներդրումային եւ տեխնիկական աջակցության SIGMA ծրագրի կողմից: 

Միջոցառումն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն եւ ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի, «Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» (AI4DA) հիմնադրամի եւ«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Ակբա բանկի, ՄԱԿ-ի Պարենի եւգյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ: