Ամփոփվել են «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքները:

Շուրջ մեկ շաբաթ համաշխարհային կինոդեմքերն իրենց փորձն ու արվեստը ներկայացրել են միջմշակութային փոխգործակցության յուրահատուկ հարթակ դարձած փառատոնում: 

22-րդ անգամ կյանքի փիլիսոփայությունն ու հաճելի ժամանցը կինոյի լեզվով համադրվել են մեկ վայրում: Ցուցադրվել են մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի եւ այլ հեղինակավոր կինոփառատոններից: 

Viva-ն արդեն 14-րդ անգամ հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերն էր։ Ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը փառատոնի փակմանը մասնակիցներին դիմել է Սյունիքից:

«Նվիրվածությունը սեփական գործին յուրաքանչյուրիս առաքելությունն է, եւ դուք էլ անմնացորդ նվիրված եք Ձեր կոչմանը։ Դուք դա անում եք հրաշալի. ստեղծում եք որակյալ բովանդակություն, մենք էլ զարգացնում ու հզորացնում ենք այդ բովանդակությունը մարդկանց հասցնելու ուղիները: Առհասարակ, որեւէ փառատոն, բացի իր ծրագրերից, արվեստի աշխարհի մարդկանց թույլ է տալիս բացահայտել այն ժողովրդին ու այն երկիրը, որում անցկացվում է փառատոնը: Որպես սյունեցի մարդ, ով նաեւ գնահատում է կինոյի աշխարհը, ուզում եմ հավատալ, որ Հայաստանից մեկնելու եք ամենադրական ընկալումներով ու տպավորություններով: Շնորհակալություն Հայաստանում լինելու, փառատոնին մասնակցելու եւ ձեր գործին նվիրված լինելու համար», - տեսաուղերձում ասել է Արմեն Ավետիսյանը: 

Կինոփառատոնի հանդիսավոր փակումն ազդարարվել է Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով: