09:53 | 14.10.25 | Նորություններ | 380
Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը՝ ArmSIG2025-ն այս տարի անցկացվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ «Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից» խորագրի ներքո։
Միջոցառումը, որի նպատակն էր ընդգծել երեխաների թվային պաշտպանվածության կարևորությունը և ժամանակակից մեթոդների կիրառման անհրաժեշտությունը, համախմբել էր Մեղրի, Կապան, Սիսիան և Սյունիքի այլ համայնքների գրադարանների ավելի քան 35 ներկայացուցիչների։ ArmSIG2025-ն արդեն 9-րդ անգամ կազմակերպել էր «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն։
Երեխաների առցանց անվտանգությանն առնչվող իրավիճակների, մարտահրավերների, կիբեռբուլինգի, իրավական կարգավորումների մասին խոսել են Երևանի թիվ 196 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը, ԵՊՀ տեղեկատվական անվտանգության դասախոս, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։
Համայնքային գրադարանների աշխատակիցները, ովքեր երեխաների հետ հաղորդակցվող առաջնային օղակներից են, ստացել են ոչ միայն տեսական գիտելիք, այլև փորձագետների հետ քննարկել իրական դեպքեր և ծանոթացել խնդրի իրավական կարգավորումներին։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հավաստագրեր է հանձնել «Ինտերնետ հասարկություն Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։