17:59 | 14.10.25 | Նորություններ | 4379
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները հոկտեմբերի 14-ին, Silicon Mountains 2025՝ «Արհեստական բանականության անատոմիան» տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ «Ինքնավար ցանցերը եւ արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով։
Ucom-ը եւ Nokia-ն հանձն են առել կիսելու իրենց ռազմավարական տեսլականը 6G տեխնոլոգիայի ապագա զարգացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում եւ դառնալով նոր տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից։ Հուշագրի համաձայն, ընկերությունները կհամագործակցեն հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետության, ցանցերում արհեստական բանականության կիրառությունների եւ համատեղ դաշտային փորձարկումների իրականացման ուղղությամբ՝ մշակված հայեցակարգերը ստուգելու համար: Նրանք նաեւ կանցկացնեն առաջատար լաբորատոր եւ/կամ դաշտային փորձարկումներ 6G ցանցերի համար եւ ձեռք բերված փորձը կներդնեն 6G ստանդարտների մշակման մեջ՝ 3GPP ստանդարտների շրջանակներում։
«Ucom-ում մենք համոզված ենք, որ ապագան կառուցվում է հենց այսօր․ ինքնավար ցանցերը եւ արհեստական բանականության կիրառումը 6G-ի համար դառնալու են կապի նոր իրականության հիմքը։ Nokia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա համատեղ մշակել նորարարական լուծումներ եւ արագացնել թվային փոխակերպումները Հայաստանում։ Մենք բարձր են գնահատում այն, որ մեր երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցությունը Nokia-ի հետ նոր փուլ է մտնում՝ նոր հնարավորություններ ստեղծելով աճի համար։ Այս բոլոր նորարարությունների նպատակը մեր հաճախորդների համար արհեստական բանականության տրամադրած ամենավերջին լուծումները ներդնել է եւ նրանց կյանքը հեշտացնելը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մենք 6G-ի զարգացման համար աշխատում ենք արդեն մի քանի տարի՝ ղեկավարելով հետազոտական նախագծեր Եվրոպայում եւ աշխարհում։ ԱԲ-ն 6G-ի բնական մասն է կազմում, որովհետեւ ԱԲ-ն կարող է ցանցերի ռադիո հասանելիությունը դարձնել ավելի ինքնավար եւ խելացի՝ մեծացնելով կատարողականությունը, արդյունավետությունը, անվտանգությունը, կայունությունը եւ ստեղծելով նոր հնարավորություններ։ Մեզ համար շատ կարեւոր է նորարարություններն իրագործել Ucom-ի պես կարեւոր հաճախորդների հետ, փորձարկել այն, ինչ մշակել ենք մեր լաբորատորիաներում եւ միասին ստեղծել նոր բիզնես հնարավորություններ՝ հարմարեցված համապատասխան շուկաների կարիքներին», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ եւ Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։