14:13 | 24.10.25 | Նորություններ | 202
Instagram-ի օգտատերերն այժմ կարող են օգտագործել Meta-ի AI խմբագրման գործիքները անմիջապես Stories-ում։
Meta-ն Stories-ում ներմուծում է իր արհեստական բանականությամբ աշխատող լուսանկարների և տեսանյութերի խմբագրման գործիքները, որոնք թույլ են տալիս օգտատերերին տեքստային հրահանգներով ավելացնել կամ հեռացնել տարրեր լուսանկարներից և տեսանյութերից կամ նույնիսկ ամբողջությամբ փոխել դրանք։
Չնայած Meta-ն արդեն առաջարկում էր պատկերների խմբագրման հնարավորություններ Instagram-ում, սակայն դրանք սահմանափակվում էին միայն Meta AI չաբոտի հետ փոխազդեցությամբ։
Նոր ֆունկցիաները կարելի է գտնել Restyle մենյուում, որը գտնվում է Instagram Stories-ի վերևի մասում՝ վրձնի պատկերանշանի վրա սեղմելուց հետո։ Լուսանկարը խմբագրելու համար ընտրեք add (ավելացնել), remove (հեռացնել) կամ change (փոխել) տարբերակներից մեկը և հրահանգի դաշտում նշեք՝ ինչ եք ցանկանում փոխել։ Օրինակ՝ Meta-ի բացատրությամբ կարելի է խնդրել փոխել մազերի գույնը, ավելացնել թագ կամ տեղադրել մայրամուտի ֆոն։
Կան նաև նախապես ստեղծված էֆեկտներ, որոնք կարող են փոխել հագուստը կամ լուսանկարի ոճը։ Օրինակ՝ կարելի է ավելացնել արևային ակնոց կամ մոտոցիկլետային բաճկոն և այլն։ Տեսանյութերի դեպքում հնարավոր է ստեղծել ձյան կամ կրակի էֆեկտ։
Կարևոր է նշել, որ երբ Instagram-ում օգտագործում եք Meta AI, դուք ընդունում եք Meta-ի AI ծառայության պայմանները, որոնք թույլ են տալիս համակարգին վերլուծել ձեր մեդիան և դեմքը։ Այդ պայմանների համաձայն՝ երբ բեռնում եք ձեր լուսանկարները, Meta-ն կարող է «ամփոփել պատկերի բովանդակությունը, փոփոխել այն կամ ստեղծել նոր նյութ՝ հիմք ընդունելով պատկերը»։
Meta-ն շարունակում է ներկայացնել AI նորարարություններ՝ շուկայում մրցունակ մնալու նպատակով։ Վերջերս նկատվել է, որ ընկերությունը փորձարկում է «Write with Meta AI» ֆունկցիան, որն օգնում է Instagram-ի օգտատերերին գրել ուշագրավ մեկնաբանություններ իրենց հրապարակումների համար։