Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի ամերիկյան առեւտրի պալատի իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ներուժի բացահայտմանը որպես տարածաշրջանային առաջատար առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի հետ ստորագրել է Փոխըմբռնման երեք հուշագիր, որոնք կենտրոնանում են երկու հիմնական ոլորտի վրա՝ բիզնեսի եւ անվտանգության:

Դեսպան Քվինի խոսքով՝ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցում այս հուշագրերի իրականացման գործում։

«Այս ջանքերը կօգնեն ստեղծել բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր եւ թափ կհաղորդեն Հայաստանի աշխույժ նորարարական էկոհամակարգին։ Դրանց շնորհիվ Հայաստանը կհաստատվի որպես տարածաշրջանային առաջատար առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում։

Ապահովելով մատակարարման շղթաները՝ մենք գլոբալ խափանումներից կապահովագրենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը եւ կապահովենք նրա աճն ու հուսալիությունը»,- նշել է նա։

Դեսպանն առանձնապես կարեւորել է ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի կողմից վերջերս Firebird ընկերությանն անհրաժեշտ ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տալը։

«Firebird-ը հայտարարել է Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարելու մասին, որի շրջանակում գործակցելու է ամերիկյան  Dell եւ NVIDIA ընկերությունների հետ։ Այս նախագծով Հայաստանը կդառնա առաջադեմ հաշվարկային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար եւ կաջակցի փոքր տեխնոլոգիաների ինտեգրմանը  արտադրության մեջ, լոգիստիկ եւ հանրային ծառայությունների ոլորտում՝ դառնալով թվային նորարարությունների տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Քրիստինա Քվինը: