16:50 | 04.06.25 | Նորություններ | 930

Docus-ը Հայաստանում ներդնում է առողջապահական առաջին AI լուծումը

Հայկական Docus ստարտափը ներդնում է արհեստական բանականությամբ առողջապահական առաջին լուծումը Հայաստանում: 

Docus-ը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետեւել իրենց առողջական վիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն եւ անհատականացված առաջարկներ։ 

Docus ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Ռոբերտ Սարգսյանի խոսքով` այս լուծումը կխթանի կանխարգելիչ բժշկությունը եւ կնպաստի ավելի գիտակցական մոտեցմանը սեփական առողջության նկատմամբ, ինչպես նաեւ կխնայի բժիշկների ժամանակը եւ կնպաստի Հայաստանում առողջապահության ծառայությունների որակի բարձրացմանը։

«Մեր նպատակն է արհեստական բանականությունն ինտեգրել Հայաստանի առողջապահական համակարգում, որից կշահեն բոլորը։ Քաղաքացիներին մեր լուծումը թույլ կտա ստանալ իրենց բժշկական հետազոտություններ պարզ եւ հասկանալի բացատրությունները։ Հարթակի միջոցով հնարավոր կլինի հետեւել առողջական ցուցանիշների փոփոխություններին եւ ուղղորդվել համապատասխան մասնագետի մոտ։ Արհեստական բանականության վրա հիմնված հիշեցումները կծառայեն որպես կամուրջ բժշկի եւ բուժառուի միջեւ»- բացատրել է Ռոբերտ Սարգսյանը:

Ռոբերտ Սարգսյանը Ռոբերտ Սարգսյանը
photo © Docus


Նրա խոսքով՝ բժիշկներին համակարգը կտրամադրի խորը կլինիկական վերլուծություն։ 

«Այն հաշվի է առնում բուժառուի ներկա առողջական վիճակը եւ բժշկական պատմությունը, որի արդյունքում տրամադրում է շեղված արդյունքների հնարավոր մեկնաբանություններ, դիֆերենցիալ ախտորոշման առաջարկություններ եւ լրացուցիչ հետազոտություններ։ Այս ամենը օգնում է ճշգրիտ ախտորոշմանը եւ բուժման օպտիմալ ռազմավարության մշակմանը»,- նշել է Docus ընկերության համահիմնադիրը։ 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարեւոր քայլ է համարել արհեստական բանականության ներդրումը, որը կնպաստի առողջապահական մշակույթի զարգացմանը։

«Նման նորարար լուծումները ոչ միայն ամրապնդում են բժիշկ-բուժառու կապը, այլեւ նպաստում բուժառուների անհատականացված եւ ավելի արդյունավետ սպասարկմանը, ձեւավորում են առողջության հանդեպ մեծ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ, նպաստում առողջապահական մշակույթի եւ ինչու ոչ նաեւ բժշկական տուրիզմի զարգացմանը։ 

Անահիտ Ավանեսյանը Անահիտ Ավանեսյանը
photo © Docus


Ուրախ ենք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ, որոնք նպաստում են պետության առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացմանը եւ բնակչության առողջության բարելավմանը։ Այս քայլը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է տեխնոլոգիական նորարարություններին եւ ակտիվորեն աշխատում է առողջապահության ապագան կառուցելու ուղղությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանում առաջին անգամ առողջապահական ոլորտում ներդրվում է արհեստական բանականությամբ աշխատող լաբորատոր տվյալների վերլուծության համակարգ, որի գործարկումը իրականացվել է «Բլադ Սելս» լաբորատորիաների հետ համագործակցությամբ: 

Այն թույլ է տվել տեղայնացնել տեխնոլոգիան եւ ինտեգրել լաբորատոր տվյալների վերլուծության պրոցեսին։ Համակարգը ստանում է հիվանդի համաձայնությամբ տրամադրված լաբորատոր վերլուծությունների ամբողջական փաթեթը եւ վերլուծում Docus-ի սեփական ալգորիթմով՝ բացահայտելով հնարավոր շեղումները։ 

Համակարգի միջոցով բուժառուն տեսնում է նաեւ իր առողջական վիճակի փոփոխությունները ժամանակի ընթացքում։ Համակարգը մատնանշում է շեղումների հնարավոր պատճառները, ռիսկային գործոնները, տրամադրում է ապրելակերպի բարելավման անհատականացված առաջարկներ, ինչպես նաեւ առաջարկում է բժիշկներ կամ մասնագետներ տվյալ խնդրի լուծման համար։ 

Արման Հովհաննիսյանը Արման Հովհաննիսյանը
photo © Docus


«Մեզ համար կարեւոր էր Հայաստանում լինել առաջինը, որն ապացուցողական բժշկության ժամանակակից մոտեցումներին համապատասխան լաբորատոր հետազոտությունների վերլուծություն կտրամադրի բուժառուներին: Լաբորատոր ոլորտում մեր ունեցած մասնագիտական պոտենցիալը եւ Docus-ի հետ համագործակցությունը հնարավորություն տվեց մատուցվող լաբորատոր ծառայությունները բարձրացնել նոր մակարդակի՝ միաժամանակ պարզեցնելով վերլուծության գործընթացը ինչպես բժիշկների, այնպես էլ մեր այցելուների համար»,- եզրափակել է «Բլադ Սելս» լաբորատորիաների հիմնադիր եւ տնօրեն Արման Հովհաննիսյանը: 

Ընկերության նպատակներից մեկն է ընդլայնել լուծման կիրառումը Հայաստանի բոլոր բժշկական հաստատություններում՝ խթանելով բնակչության առողջապահական գրագիտության բարձրացումը եւ բժիշկ-բուժառու կապի ամրապնդումը։