LinkedIn-ի գործադիր տնօրեն Ռայան Ռոսլանսկին ասել է, որ գրառումները բարելավելու համար արհեստական բանականության առաջարկությունները չեն ստացել «սպասված» ժողովրդականություն։

Նրա խոսքով՝ շատերը վախենում են հրապարակել գեներացված տեքստեր, քանի որ LinkedIn-ը ընկալվում է որպես «թվային ռեզյումե», եւ գրառումներում սխալները կարող են ազդել կարիերայի վրա։

«Եթե ձեզ քննադատում են TikTok-ում կամ X-ում, դա մեկ բան է, բայց եթե դա տեղի ունենա LinkedIn-ում, կվնասի ձեր հնարավորություններին», - ասել է Ռայան Ռոսլանսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։

Դրանից անկախ, արհեստական բանականության նկատմամբ հետաքրքրությունը աճում է. LinkedIn-ի ղեկավարի խոսքով՝ արհեստական բանականության հետ կապված թափուր աշխատատեղերի թիվը մեկ տարվա ընթացքում աճել է վեց անգամ, իսկ իրենց էջում նման հմտություններ նշած օգտատերերի թիվը՝ 20 անգամ։ Նա կոնկրետ թվեր չի ներկայացրել։

Ռոսլանսկին հավելել է, որ ինքն էլ արհեստական բանականություն է օգտագործում Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելային ուղղված էլեկտրոնային նամակներ պատրաստելիս. «Ես միշտ սեղմում եմ Copilot կոճակը՝ Սաթյայի ոճով «խելացի» հնչելու համար»։ 

2023 թվականին LinkedIn-ը ավելացրել է գեներատիվ արհեստական բանականության գործառույթներ՝ ռեզյումեներ եւ աշխատանքի հայտարարություններ ստեղծելու համար՝ հիմնված GPT-4 եւ GPT-3.5-ի վրա։ 2024 թվականին ընկերությունը ընդլայնել է հնարավորությունները. օգտատերերը կարող են խմբագրել իրենց ռեզյումեները եւ խորհրդատվություն ստանալ արհեստական բանականության օգնականից։