«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի եւ TCF Armenia միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցության արդյունքում Պոլիտեխնիկի ուսանողները կստանան բացառիկ հնարավորություն՝ օգտվելու Prelaunch.com հարթակի բաժանորդագրություններից, շուկայի իրական փորձարկումից եւ յուրաքանչյուր ընտրված նախագծի համար 1000 ԱՄՆ դոլար ֆինանսավորումից՝ գովազդային բյուջեի ու պահանջարկի գնահատման համար։
Ուսանողները նաեւ կունենան ոլորտի մասնագետների մենտորություն, կստանան ուսուցողական ու մեթոդական նյութեր։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա ուսանողներին վավերացնել իրենց նորարարական գաղափարները եւ վստահ քայլերով մտնել միջազգային շուկա։
«Վստահ եմ, որ այս համագործակցությունը մեծ ազդեցություն կունենա եւ TCF Armenia-ի թիմի հետ միասին առաջիկայում կներկայանանք նոր նախաձեռնություններով՝ աջակցելու ուսանողական ստարտափ ծրագրերի առաջընթացին եւ դրանց իրական հնարավորությունների բացահայտմանը։
Համագործակցությունը ծնվել է Innovate Armenia ծրագրի ընթացքում, որը իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության ընկերության եւ HELVETAS Շվեցարական համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործող RECONOMY դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ»,- գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը: